ԱՆՆԱԽԱԴԵՊ ՀԱՄԱԺՈՂՈՎ
ՕՐ ԱՌԱՋԻՆ. ՈՐՈՆՈՒՄ ԵՆՔ ՎԱՂՈՒՑ ՀԱՅՏՆԻՆ
Երկու օր` մայիսի 15-ին և 16-ին, Երևանում քննարկվում էին տարածաշրջանային անվտանգության և համագործակցության խնդիրները: «Անվտանգությունը և համագործակցությունը Կովկասում և նրա շուրջը» միջազգային համաժողովին մասնակցում էին 25 երկրների, միջազգային կառույցների, դեսպանատների ներկայացուցիչներ: Քննարկումների շրջագծում էին տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման, էներգետիկ և տրանսպորտային ուղիների` որպես տարածաշրջանային անվտանգության և համագործակցության գործոնի, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, թմրաբիզնեսի և զենքի ապօրինի վաճառքի, թրաֆիքինգի դեմ պայքարի գործում տարածաշրջանային համագործակցության զարգացման, տեղեկատվական անվտանգության ապահովման խնդիրները:
Բացելով համաժողովը` ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշեց, որ տարածաշրջանի պետություններն ունեն տարբերություններ, բայց դրանք պետք է աստիճանական հաղթահարմամբ դարձնել համագործակցության հենք: Հայաստանը պատրաստ է ամենատարբեր մակարդակներով համագործակցության` կարևորելով խաղաղության և կայունության ամրապնդումը: Համագործակցությունը, ըստ Արթուր Բաղդասարյանի, հնարավորություն կտա համատեղել ջանքերը` կառուցելու նոր տարածաշրջան, որը կլինի անվտանգ ու բարեկեցիկ բոլոր երկրների ու ժողովուրդների համար: ԱԱԽ քարտուղարը կարծում է, որ Կովկասյան տարածաշրջանը միջազգային տնտեսական, մշակութային, ռազմաքաղաքական համագործակցության յուրօրինակ օղակ է, որտեղ ժողովրդավարությունն առաջընթացի հաստատուն քայլեր է կատարում, տնտեսական և քաղաքական համագործակցությունը նոր դրսևորումներ է ունենում: «Մենք պետք է կարողանանք կառուցել մեր միասնական ապագան, Կովկասի բոլոր ժողովուրդները պետք է նախանձախնդիր լինեն` խորացնելու համագործակցությունը: Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս հենց այս դիրքերից և բազմաթիվ միջազգային ամբիոններից հայտարարել է Կովկասում խաղաղության, համագործակցության գաղափարներին հավատարիմ լինելու իր քաղաքական կուրսի մասին: Մեր տարածաշրջանի տնտեսական, մշակութային, քաղաքական առանձնահատկությունները բազմաբովանդակ են և բազմաբնույթ, և այսօր մենք պետք է կարողանանք այս մարտահրավերներով լի ժամանակաշրջանում առաջնորդվել համատեղ նպատակների առաջադրմամբ»,- փաստում է նա: Հայ-թուրքական հարաբերություններին անդրադառնալով` Արթուր Բաղդասարյանն ընդգծեց, որ ՀՀ նախագահի նախաձեռնած, ամբողջ աշխարհում հայտնի դարձած ու հավանության արժանացած ֆուտբոլային դիվանագիտությամբ ստեղծվեցին բնականոն քաղաքական երկխոսության հնարավորություններ Հայաստանի և Թուրքիայի միջև: Նա վերահաստատեց, որ ՀՀ-ն կողմնակից է Թուրքիայի հետ նորմալ, բնականոն հարաբերությունների հաստատման` առանց նախապայմանների: Թուրքիան, որ ձգտում է դառնալ ԵՄ լիարժեք անդամ, պետք է նաև քաղաքական արիություն ցուցաբերի` բացելու իր սահմանները, հաստատելու բնականոն հարաբերություններ հարևանների հետ: Լեռնային Ղարաբաղի խնդրի առնչությամբ նշվեց, որ Հայաստանը կողմ է խաղաղ, փոխզիջումային տարբերակով հարցի լուծմանը և զերծ է մնում ռազմատենչ հայտարարություններից, հանդես է գալիս կառուցողական դիրքորոշումներով: «Խաղաղությունն է տարածաշրջանի զարգացման բանալին, համագործակցությունն է տարածաշրջանի զարգացման տեսլականը, և մենք վստահ ենք, որ այս մոտեցումների կիրառմամբ կարող ենք հասնել խաղաղության, համագործակցության հաստատման»` այսպիսին էր Արթուր Բաղդասարյանի գնահատականը:
Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլը համագործակցությունն ու անվտանգությունը Կովկասում ողջունեց` ինչպես տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները: Պարոն Ֆոլը գոհունակություն հայտնեց, որ համաժողովը շատ ներկայացուցչական է, և հնարավոր է առաջադրել սկզբունքներ, որոնք թույլ կտան լուծումներ գտնել տարածաշրջանային խնդիրներին: Անդրադառնալով տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքներին` Բրայան Ֆոլը նշեց, որ եթե մի կողմը պնդի ինքնորոշման սկզբունքը, մյուս կողմը` տարածքային ամբողջականության, հնարավոր չէ ընդհանուր հայտարարի գալ: Հայաստանի մոտեցումը խնդրի լուծմանը, նրա գնահատականով, շատ ընդունելի է և շատ լավ հիմք է` հետագա բանակցությունների կառուցման համար: «Ես հույս ունեմ, որ մենք շատ ավելի ակտիվ քննարկումների փուլ կունենանք` արդեն ստորագրված փաստաթղթերի հիման վրա, հավանաբար հունիսին, ցանկանում ենք մասնակիցներին հաջողություն ու ակտիվ համագործակցություն»,- իր ելույթում ասաց ՀԿ-ում Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչը: Նա կարծում է, որ հակամարտության գոյությունն ինքնին խաթարում է երկու հարևան երկրների ընթացիկ զարգացումները, և փոխզիջումներն այն ճանապարհն են, որով հնարավոր կլինի հասնել հակամարտության լուծմանը, հետագա տնտեսական, սոցիալական զարգացումներին և համագործակցությանը: Պատասխանելով լրագրողների հարցերին` Բրայան Ֆոլը նշեց, որ հայ-թուրքական սահմանի բացումը մեծապես կօգնի տարածաշրջանի զարգացմանը, որից կօգտվեն սահմանի երկու կողմերում ապրող հասարակ մարդիկ, իսկ ԵՄ-Թուրքիա բանակցությունները դեռ ժամանակ են պահանջում. «Շատ կզարմանամ, որ Հայաստանի հետ սահմանը Թուրքիայի ԵՄ-ին անդամակցության ժամանակ բացված չլինի»,- ասաց նա: Պարոն Ֆոլն անդրադարձավ նաև Վրաստանի և Հարավային Օսիայի հակամարտությանը:
ԵԱՀԿ պատվավոր նախագահ Գորան Լենմարկերի կարծիքով` հայ-թուրքական երկխոսությունը կարող է նպաստել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի հաջող իրականացմանը. «ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցությունները տեղի են ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, սա շատ կարևոր է, և չեմ կարծում, որ այս ձևաչափը որևէ կերպ փոխելու անհրաժեշտություն կա, սակայն անհրաժեշտություն կա Մինսկի խմբին աջակցելու, եթե խոսքն արտաքին որևէ երրորդ ուժի մասին է»: Պարոն Լենմարկերն անդրադարձավ երեք տարի առաջ հնչեցրած իր տեսակետին. «Ես ունեմ լավատեսական գնահատական, կրկնում եմ` սա իսկապես ոսկյա հնարավորություն է, ես չեմ կարող ասել` ինչքան դեռ այդ հնարավորությունը գոյություն կունենա: Ստեղծվել է բանակցությունների բավականին լավ իրավիճակ, լավ մթնոլորտ: Հայաստանի ու Թուրքիայի միջև բանակցություններով հնարավորություն է ստեղծվել բավականին երկարատև, բարդացված խնդիրների լուծման համար: Ես համոզված եմ, որ դա կնպաստի նաև Մինսկի խմբի աշխատանքի հաջող իրականացմանը: Կողմերը պետք է զերծ մնան մրցակցությունից, փորձեն ավելի համակարգված վերաբերվել միմյանց, և բոլոր երկրներում էլ մարդիկ հասկանան, որ խնդրի խաղաղ լուծումը փոխզիջումն է»:
ՕՐ ԵՐԿՐՈՐԴ. Ո՞Վ Է ԽՓԵԼՈՒ ՎՃՌԱԿԱՆ ԳՈԼԸ
Մայիսի 16-ին համաժողովը շարունակեց աշխատանքները: Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին ևս իր ելույթում անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը. նշվեց, որ «Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը: Հուսով ենք, որ այն դրական կանդրադառնա նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա»: Եվրամիությունը պատրաստ է աջակցել հետագա դրական քայլերին` հայ-թուրքական հարաբերությունների և ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցերում: Նա կարծում է, որ տարածաշրջանում խնդիրների լուծման համար ի հայտ են եկել նոր հնարավորություններ, որոնք նախկինում չեն եղել. ապրիլի 22-ի հայտարարությունից հետո ստեղծվել է շատ լավ հնարավորություն հետագա առաջընթացի համար: Պարոն Սեմնեբին կարևորում է բանակցությունների շարունակումը ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա:
Մայիսի 16-ին համաժողովում կենտրոնական ելույթը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանինն էր: Նրա գնահատմամբ` լայն իմաստով Կովկասյան տարածաշրջանն աշխարհի քաղաքական քարտեզի թեժ կետ է` լի անվտանգության սպառնալիքներով և մարտահրավերներով: Կովկասը նաև աշխարհի ամենազգայուն հատվածն է, եղել և մնում է քաղաքակրթությունների, կրոնների և աշխարհաքաղաքական շահերի խաչմերուկ: Պարոն Նալբանդյանը հանգամանալից վերլուծեց Խորհրդային Միության փլուզումից հետո տարածաշրջանում ստեղծված վիճակը, շեշտելով, որ անցյալ օգոստոսի դրամատիկ իրադարձությունները բացահայտեցին տարածաշրջանային հավասարակշռության փխրունությունը և սպառնում էին փոխել ուժերի հարաբերակցությունն ու աշխարհաքաղաքական պատկերը: Հայաստանը շարունակաբար ընդ-գծել է, որ բաժանարար նոր գծերի ստեղծումն անընդունելի է, իսկ տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ քաղաքական ճանապարհով: Հակամարտությունների լուծման համար ուժի կիրառումը կամ սպառնալիքն այլընտրանք չէ և կարող է ապակայունացնել տարածաշրջանը և ունենալ լուրջ հետևանքներ: «Կովկասը կառուցողական գաղափարների և նախաձեռնությունների, այլ ոչ թե բռնության կարիք ունի: Բռնության պոռթկումները կարող են միայն հրահրել նոր թշնամանք, ծավալել նոր լարվածություն և ավերածությունների սկիզբ դառնալ: Եթե մենք ձախողենք նոր իրականության հետ համաձայնեցումը և մեր քաղաքական մտածելակերպի վերաձևակերպումը, դա կլինի վերադարձ սառը պատերազմյա իրականություններին աշխարհի այս փոքր, բայց կարևոր անկյունում` լի բոլորի համար բացասական հետևանքներով». սա էր նախարարի եզրակացությունը:
Նրա գնահատականները շատ ավելի հուսադրող էին հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ. «Վերջին տարվա ընթացքում` Հայաստանի նախագահի նախաձեռնությունից հետո, մեր թուրք հարևանների հետ և մեր շվեյցարացի գործընկերների օգնությամբ հաջողություն ենք արձանագրել Եվրոպայի վերջին փակ սահմանի բացման և առանց նախապայմանների մեր հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Գնդակն այժմ թուրքական կողմի մոտ է: Եվ մենք հուսով ենք, որ իրենք իմաստություն և խիզախություն կգտնեն կատարելու վերջին վճռորոշ քայլը: Մենք ցանկանում ենք համոզված լինել, որ անհրաժեշտ քաղաքական կամքը կարող է ի վերջո հաղթահարել անցյալի մտածելակերպը»: Նախարարը կարևորեց միջազգային հանրության աջակցությունը: Հավարտ ելույթի նախարարն ասաց այն, ինչ երկու օր շարունակ քննարկվում-քննարկվում, բայց հստակ չէր բառավորվում` մենք չպետք է մեր տարաձայնությունների և խնդիրների բեռը թողնենք եկող սերնդի ուսերին: Մենք պետք է կամուրջներ կառուցենք մեր ժողովուրդների միջև` մշակելով տարածաշրջանային համագործակցության փոխշահավետ ծրագրեր:
«Անվտանգությունը և համագործակցությունը Կովկասում և նրա շուրջը» միջազգային համաժողովի մասնակիցները հայտարարություն ընդունեցին, որ Կովկասյան տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովումը բխում է ոչ միայն տարածաշրջանի և հարևան պետությունների, այլև համաշխարհային համագործակցության երկրների շահերից: Աշխարհի ցանկացած կետում շարունակվող հակամարտություններն ու բախումներն անվտանգությանն ու կայունությանը սպառնացող վտանգ են ոչ միայն տվյալ տարածաշրջանի, այլև մյուս երկրների համար, ուստի Կովկասում անվտանգության ու կայունության պահպանումն ու խորացումը կարևոր գործոն են միջազգային անվտանգության համակարգի ամրապնդման գործում:
Հավարտ համաժողովի` ճեպազրույցում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն արձանագրեց, որ տարածաշրջանային անվտանգության և համագործակցության խնդիրներով երևանյան միջազգային համաժողովն անցավ արդյունավետ և բացառիկ լավ հնարավորություն էր` ներկայացնելու Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը 30 երկրներից ժամանած պատվիրակությունների անդամներին: Նրա գնահատականով` մտքերի փոխանակության արդյունքում արձանագրվեց մեկ միասնական մոտեցում` տարածաշրջանային հակասություններն ու դժվարությունները պետք է հաղթահարել համատեղ ուժերով, Կովկասը դարձնել խաղաղ, անվտանգ և կայուն տարածաշրջան։ Նա վստահություն հայտնեց, որ հետայսու համաժողովը կդառնա ավանդական, ամեն տարի մայիսին Երևանում կքննարկվեն Կովկասյան տարածաշրջանի անվտանգության և համագործակցության խնդիրները:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ
Երկօրյա համաժողովն իսկապես հետաքրքիր էր և աննախադեպ` քննարկումների ծավալով ու խորությամբ, ընդգրկված հարցերի բազմազանությամբ: Տասնյակ ելույթներ հնչեցին բոլոր աշխարհամասերը ներկայացնող պատվիրակների շուրթերից` թե՛ տարբեր երկրների, թե՛ միջազգային կառույցների` Կանադայից Վիետնամ, ՀԱՊԿ-ից ՆԱՏՕ, ԵԱՀԿ ու ԵՄ: Համաժողովին մասնակցում էր նաև Թուրքիայի ներկայացուցիչը` Անկարայի տեխնիկական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի փորձագետ Հուսեին Բագչին, որը սիրալիր ժպտում էր բոլորին ու հանգամանալից պատասխանում իրեն ուղղված հարցերին: Եվ յուրաքանչյուր հարցի պատասխանելիս պարտադիր հիշեցնում էր, որ ինքը կառավարության անդամ չէ ու լիազորված չէ այդ հարցին պատասխանելու, ուղղակի արտահայտում է իր կարծիքը: Համաժողովի մեխը հայ-թուրքական հարաբերություններն էին, որ քննարկվում էին փաստորեն Հայաստանի կողմից` արտաքին գործերի, պաշտպանության նախարարների, Անվտանգության խորհրդի քարտուղարի, միջազգային հանրության կողմից` ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, ՀԱՊԿ-ի մակարդակով, իսկ Թուրքիայի կողմից` Անկարայի տեխնիկական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի փորձագետի... Հավելեմ, որ Ադրբեջանն ընդհանրապես ներկայացուցիչ չէր ուղարկել: Վրաստանի ներկայացուցիչները ժպիտով լռում էին... Ահա և քեզ տարածաշրջանը` ինչպես կա:
Այնուհանդերձ կաթիլը քար է ծակում...
Մանավանդ որ արդեն շիթ է դառնում...
Իսկ գուցե քարը պետք է ոչ թե ծակել, այլ տեղաշարժե՞լ...
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ